Դիլիջանում կայացավ փախստականների Երևանի և Դիլիջանի համայնքային խորհուրդների համատեղ նիստը
01/07/2026
Հունիսի 27-ին Դիլիջանում կայացավ փախստականների Երևանի և Դիլիջանի համայնքային խորհուրդների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվեցին տեղահանված անձանց առջև ծառացած հիմնական խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները։
Քննարկումների առանցքում էին բնակապահովման և քաղաքացիության հարցերը, զբաղվածության և կայուն եկամտի ապահովման հնարավորությունները, կրթության և առողջապահական ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև համայնքային ինտեգրման ընթացքում առաջացող դժվարությունները։ Մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, ներկայացրին իրենց համայնքներում առկա իրավիճակը և առաջարկեցին հնարավոր լուծումներ։
Նիստի ավարտին ամփոփվեցին բարձրացված հարցերն ու հավաքագրվեցին առաջարկություններ, որոնք կծառայեն որպես հիմք` հետագա շահերի պաշտպանության աշխատանքների և պետական ու միջազգային գործընկերների հետ շարունակական երկխոսության համար։
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից։ Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների և հասանելի ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցով։
