Փախստականների Երևանի համայնքային խորհուրդը ամփոփեց մեկ տարվա աշխատանքը

15/08/2026

Փախստականների Երևանի համայնքային խորհուրդը ամփոփեց մեկ տարվա աշխատանքը

Օգոստոսի 14-ին Երևանում կայացավ Փախստականների Երևանի համայնքային խորհրդի առաջին տարվա ամփոփիչ նիստը, որի ընթացքում ներկայացվեց մեկ տարվա գործունեությունը։

Այս ընթացքում խորհուրդն անցկացրել է 11 նիստ, իրականացրել 3 համայնքային նախաձեռնություն, կազմակերպել դասընթացներ և 2 հանրային քննարկում՝ ավելի քան 120 մասնակցի ներգրավմամբ։ Խորհրդի անդամները Հայաստանի Հանրապետությունում տեղահանվածների սոցիալ-տնտեսական կարիքների վերաբերյալ մի շարք առաջարկություններ են ներկայացրել պետական և միջազգային կազմակերպություններին։

Ամփոփիչ նիստին անդամները խոսեցին խորհրդի աշխատանքում իրենց մասնակցության, ձեռք բերած փորձի, տարվա ընթացքում արձանագրված փոփոխությունների և Խորհրդի աշխատանքները առավել արդյունավետ դարձնելու հեռանկարների և մեխանիզմների մասին։

Նիստի ավարտին Խորհրդի անդամները ստացել են մեկ տարվա անդամության հավաստագրեր։ 

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից։ Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների և հասանելի ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցով։