Առաքելություն ու նպատակներ
«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միությունը» (հակիրճ՝ Արցախ Միություն) շահերի պաշտպանության (ադվոկացիա) հասարակական կազմակերպություն է: Նրա գործունեության առաքելությունն է Հայաստանում և ամբողջ աշխարհում պաշտպանել Արցախի բռնի տեղահանված ժողովրդի հավաքական շահերը, իրավունքներն ու արժանապատվությունը, հետամուտ լինել նրա հանդեպ միջազգային արդարությանը և ի վերջո նպաստել նախնյաց Հայրենիք նրա հավաքական վերադարձին՝ այնտեղ ինքնորոշված, խաղաղ, արդար, արժանապատիվ ու անվտանգ կյանքի համար՝ զերծ նոր ցեղասպանության վտանգից։
Արցախ Միության գործունեության նպատակներն են՝
1. Արցախի ժողովրդի շահերի ներկայացումն ու առաջմղումը հայաստանյան և միջազգային հարթակներում.
2. Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների ու արժանապատվության պաշտպանությունը.
3. Արցախի ժողովրդի հավաքական շահերի ու իրավունքների վրա միջազգային իրավաքաղաքական ուշադրության հրավիրումը և դրա գործնականությանն ու հետևողականությանը նպաստելը.
4. Արցախի ժողովրդի շահերին ու հավաքական իրավունքներին վերաբերող հարցերով իրազեկման (տեղեկատվական) շարունակական աշխատանքների իրականացումը՝ ուղղված ՀՀ և միջազգային համապատասխան որոշում կայացնողներին և լայն շրջանակների.
5. Արցախի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության և այլ հանցագործությունների իրականացնողներին և աջակիցներին անհատական և ինստիտուցիոնալ պատասխանատվության ենթարկելուն նպաստելը.
6. Արցախի ժողովրդի կրած նյութական և ոչ նյութական վնասների դիմաց հատուցման ապահովման ջանքերի իրականացումը.
7. Արցախի ժողովրդի՝ ադրբեջանական բռնազավթման ներքո գտնվող հոգևոր-մշակութային ժառանգության, գերեզմանների, բնական ռեսուրսների, անհատական գույքի և նյութական այլ արժեքների պաշտպանության ջանքերի իրագործումը.
8. Արցախի ժողովրդի շահերի ու հավաքական իրավունքների պաշտպանությունն ու առաջմղումը Հայաստանի Հանրապետության պետական մարմինների թե՛ արտաքին քաղաքական և թե՛ ներպետական ծրագրերի ու գործողությունների շրջանակներում.
9. Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների և Արցախի ժողովրդի սուբյեկտայնության բոլոր այլ հատկանիշների պահպանման, ինքնորոշման ու սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի պաշտպանության և առաջմղման ջանքերի գործադրումը.
10. Արցախի ժողովրդի հավաքական ինքնության և պայքարի պահպանմանն ու զարգացմանը նպաստելը.
11. Արցախի ժողովրդի կարիքների բավարարմանը և բարեկեցության ապահովմանը նպաստելը.
12. Արցախի ժողովրդի շահերի ներկայացման, իրավունքների պաշտպանության ու կարիքների բավարարման ուղղությամբ աշխատող այլ դերակատարներին աջակցության ցուցաբերումը՝ նպատակ ունենալով նպաստել Կազմակերպության նպատակներին համապատասխանող նրանց ծրագրերի արդյունավետության բարձրացմանը և ջանքերի համադրմանը.
13. Արցախի ժողովրդի՝ Արցախ հավաքական վերադարձի և այնտեղ, ինքնորոշման իրավունքի և միջազգային իրավունքի հիմնարար այլ նորմերի հիման վրա, խաղաղ, արդար, արժանապատիվ ու անվտանգ պայմաններով կյանքի ապահովմանն ուղղված ջանքերի գործադրումը:
